Մեր սրբավայր մի՛ արի․ ծնողները «Եռաբլուրից» հեռացրին Փաշինյանի և մյուս պաշտոնյաների ծաղկեպսակները

Զոհված զինծառայողների ծնողները այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնից հեռացրին և խոտերի մեջ նետեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մյուս պաշտոնյաների կողմից տեղադրված ծաղկեպսակները:

Նրանցից մեկն ասաց. «Էս 4 քմ-ն է մերը, մի՛ արի, ասել ենք ու նորից ասում ենք՝ ինչ արարողություն էլ լինի, մի՛ արի, մեր սրբավայր մի՛ արի: Դերասանավարի չոքում է տղերքի շիրիմներին, ղալաթ ա անում, որ գալիս ա: Մեր տղերքը հանուն մեր ապագայի պայքարել են»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ոստիկանությունը հսկայական ուժեր էր կենտրոնացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:  Կարմիր ու սևբերետավորներ շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիրբերետավորները սկսել են քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք այստեղ էին՝ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

Ոստիկանները խոչընդոտել են նաև լրագրողների և օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից: