Ջերմուկի մարտերում զոհված 19-ամյա Կարեն Գասպարյանը թառահար էր, սովորում էր պետական երաժշտական քոլեջում

Ադրբեջանական հարձակման հետևանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Գասպարյանը։

19-ամյա Կարենը Երևանից էր։ Բանակ էր զորակոչվել այս տարվա ձմռանը։ Ծառայում էր Կապանում։

Կարենը սովորում էր Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, թառահար էր։ Միաժամանակ նա սովորում էր Ջիվանու անվան աշուղական դպրոցի վոկալի բաժնում։

«Հիանալի մարդկային որակներով, դաստիարակված տղա էր, իր գործիքին էլ հիանալի էր տիրապետում։ Ինքն ուներ հնարավորություն տարկետում վերցնելու և չորրորդ կուրսն ավարտելուց հետո բանակ զորակոչվելու, սակայն ասում էր՝ ավելի լավ է պարտքը հայրենիքին շուտ տա, վերադառնա, և իր սիրելի մասնագիտության մեջ հմտանա»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Նախօրեին ԱԽ տարածած  հայտարարությամբ՝ զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։

Այսօր թշնամին հայկական կողմին է հանձնել 95 զինծառայողի մարմին։