Գեղարքունիքի մարզպետը Կարմիր Խաչի ներկայացուցիչներին է ներկայացրել Վարդենիսի տուժած բնակավայրերի վիճակը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության պատվիրակ Նինո Սաբաշվիլիին, տնտեսական անվտանգության տարածքային ներկայացուցիչ Սարգիս Մարտիկյանին, Կարմիր խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին։

Մարզպետարանից հայտնում  են, որ Կարմիր խաչի ներկայացուցիչների այցի նպատակն էր ծանոթանալ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի շարք տուժած բնակավայրերում տիրող իրավիճակին՝ առաջիկայում տուժած բնակչությանը կամ տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու համար։

Մարզպետը ներկայացրել է Վարդենիս համայնքի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք, Ազատ, Տրետուք, Ջաղացաձոր, Կոտական բնակավայրերում ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել նշված բնակավայրերից տարհանված բնակիչների կարիքների գնահատմանը, նրանց ժամանակավոր կացարաններով, սննդով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հրետակոծված բնակարանների վնասի չափերի ճշգրտման, դրանց վերանորոգման կամ կառուցման ուղղությամբ մարզային հանձնաժողովի կողմից տարվող աշխատանքներին։

Խոսվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով նշված բնակավայրերում դպրոցականների կրթական իրավունքների խաթարման, տարհանված բնակչության շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալ-հոգեբանական և այլ բնույթի աջակցության ծրագրերի իրականացման մասին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության պատվիրակ Նինո Սաբաշվիլին ներկայացրել է մշակված մի շարք ծրագրեր, որոնք նախատեսում են իրականացնել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի բնակավայրերում՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրելուց և իրավիճակը գնահատելուց հետո։

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև լայնածավալ ագրեսիայից տուժած և տարհանված բնակիչներին Հայկական Կարմիր խաչի կողմից ցուցաբերվող աջակցությունների մասին։