Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Վրաստանը նախկինի պես պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար, իսկ Թբիլիսին առաջարկում է որպես բանակցությունների հարթակ: Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նյու Յորքում է գտնվում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում:

«Եթե անհրաժեշտ լինի, որ մեր երկիրը ներգրավվի գործընթացին որպես միջնորդ, մենք միշտ պատրաստ ենք», – ասել է Դարչիաշվիլին։

Նա հավելել է, որ Վրաստանն այդ կապակցությամբ ոչ մի նախապայման չունի։ Թբիլիսիի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Վրաստանի վարչապետի ջանքերի շնորհիվ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 զինծառայող, իսկ Երևանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզներ:

Վրաստանի միջնորդության ևս մեկ օրինակ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Թբիլիսիում: