Հայաստանի իշխանությունը շահագրգռված չէ Ադրբեջանի հանցագործությունները բացահայտելու մեջ․ Արման Թաթոյան

Հայաստանի իշխանությունը շահագրգռված չէ Ադրբեջանի հանցագործությունները բացահայտելու մեջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա հիշեցրեց, որ իշխանությունն ասում էր, որ Սյունիքն ապահով է, կան ադրբեջանական տարածքներ Հայաստանի վերահսկողության տակ։

«Դուք հիշո՞ւմ եք ինչ արշավ սկսեց՝ ադրբեջանցիները իրենց դիրքերում են, որևէ խնդիր չկա, ինչ ուզեն կանեն, դա իրենց տարածքն է, խոսում էին, որ Սյունիքը անվտանգ է, որևէ խնդիր իրենք չեն առաջացել մեզ համար, ՀՀ-ի վերահսկողության ներքո կան ադրբեջանական տարածքներ և այլն։ Այս ամեն ինչը հիմք էր ադրբեջանցինեի համար և ամրացնում էր նրանց դիրքերը ու հիմա տեսեք, թե նրանք այդ առումով ինչքան ամուր են, որովհետև մենք ենք ասել՝ դուք ձեր դիրքրերում եք, անգամ տեսախցիկներով մարդկանց տներն էին մտնում, ինչպես օրինակ Որոտանում»,- ասաց Արման Թաթոյանը։

«Այս բոլոր հայտարարություններն արվել են ժողովրդի առջև քաղաքական վախի հիման վրա, այսինքն՝ անձնական շահերը վեր են դասվել երկրի շահերից։ Ամբողջ պատկերը չի ներկայացվել նաև միջազգային հանրությանը»,-հավելեց Թաթոյանը։

Նա նկատեց, որ վերջին անգամ ադրբեջանական զորքերը կրակել են այն վայրերից, որտեղ ներթափանցել են անցյալ տարի, իսկ հետո ավելի բարենպաստ պայմաններ են եղել այնտեղից դուրս գալու համար։ Ադրբեջանը մարդկանց զրկել է այս վայրերում նորմալ ապրելու հնարավորությունից։

«Բայց այս ամենն անտեսվեց, և միջազգային մեխանիզմները չկիրառվեցին։ Ես հանդիպումներ եմ անցկացրել, այդ թվում՝ օտարերկրյա ԱԳՆ ներկայացուցիչների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հետո այդ մեխանիզմը չգործարկվեց։ Մենք քանիցս խոսել ենք Հայաստանի ճանապարհներին ադրբեջանցիների հայտնվելու անթույլատրելիության մասին»,-նշեց Թաթոյանը։

«Ինչո՞ւ պետք էր ադրբեջանցիների քթի տակ Սյունիքում այլընտրանքային ճանապարհ կառուցել։ Հիմա այնքան են լկտիացել, որ կրակ են բացել շտապօգնության մեքենաների վրա։

44-օրյա պատերազմից հետո մենք սահմանին էինք։ Մենք ծանոթ ենք Ադրբեջանի ներքին գործընթացներին, որտեղ ոչինչ հենց այնպես չի լինում։

Բաքվի քաղաքականությունը հասնում է բացահայտ ֆաշիզմի, և  այս պայմաններում անհնար է խոսել խաղաղության մասին, քանի որ թշնամին ցանկանում է ոչ միայն գրավել մեր երկիրը, այլև շարունակել վայրագություններն ու բռնությունները։ Միջազգային գործընկերներն ասում են, որ ոչինչ չգիտեն այս փաստերի մասին։ Նրանք ասում են, որ եթե պետությունը բարձրացնի հարցը, իրենք իրենց հերթին պատրաստ են առաջ տանել անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը։ Մարդու իրավունքների մասին դիսկուրսը հնարավորություն է տալիս խուսափել ռազմական և  քաղաքական ճնշումներից։

Կան ՄԱԿ-ի մեխանիզմներ։ Մենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի անդամ ենք, ուստի հնարավոր եղավ ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից զեկույց նախաձեռնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կան այլ մեխանիզմներ։ Սա կօգնի արտաքին քաղաքականության գերատեսչությանը համակողմանիություն ապահովելու հարցում։ Բայց այս ամենը չի արվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Խաղաղության մասին միակողմանի խոսակցությունը ոչ այլ ինչ է, քան մեր ժողովրդի զգոնության թուլացում»,-ընդգծեց նախկին օմբուդսմենը։ Այս բոլոր խնդիրները, ըստ նրա, կուտակվել են տարիներ շարունակ, այդ թվում՝ նախկին իշխանությունների օրոք։

«2018 թվականից հետո մենք ունենք պառակտված հասարակություն «սևերի» և «սպիտակների», ներկաների և նախկինների մասին դիսկուրսի ֆոնին, պետության նկատմամբ անվստահությունը խորացել է։ Համապատասխան քաղաքականություն վարելուց հրաժարվելը կրկին քաղաքական մտավախությունների վրա է հիմնված»,-եզրափակեց Թաթոյանը։