Գուտերեշը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ սահմանի սրացումը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին սրված իրավիճակը, հույս է հայտնել, որ կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը: Այս մասին հղում անելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությանը՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գլխավոր քարտուղարը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը: Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հրադադարը կպահպանվի և ընդգծել է, որ ՄԱԿ-ը աջակցում է երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու բոլոր ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։