Դավիթ Բաբայանը դասախոսություն է կարդացել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Ղարաբաղյան հիմնախնդիր․ աշխարհաքաղաքական և էթնոքաղաքական ախտորոշում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում: ԱՀ ԱԳՆ տեղեկացմամբ, նույն օրը նախարար Բաբայանը Ամերիկյան Էնթերփրայզ ինստիտուտում մասնակցել է կլոր սեղանի։

Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին և պատասխանել ներկաների հարցերին։

Նախարարն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը տարբեր գործընթացների վերաբերյալ ճիշտ և համապարփակ պատկերացում կազմելու և որոշումների կայացման ընթացքում դրանք կիրառելու տեսանկյուններից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: