ԱԻ նախարարը Գեղարքունիքի մարզում է

Շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր:

Գերատեսչության ղեկավարը սեպտեմբերի 19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ:

ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանի առաջին կանգառը մարզային փրկարարական վարչությունն էր: Նա տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել փրկարար ծառայության մարզային կառույցի ղեկավարության և աշխատակիցների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:

Այնուհետև նախարար Փամբուխչյանն այցելել է Վարդենիս խոշորացված համայնք։ ԱԻ ղեկավարը հանդիպում է անցկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ: Կողմերը քննարկել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախարար Ա. Փամբուխչյանը վերահաստատել և վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նախորդ շաբաթ այցելել էր նաև Վայոց ձորի և Սյունիքի մարզեր: