Միջազգային գործընկերների դատապարտումները քիչ են․ կոնկրետ պատժամիջոցներ պետք է սահմանվեն Ադրբեջանի և Ալիևի նկատմամբ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրել է․ «Մինչև սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիան Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի այս տանը ապրում էր ընտանիք՝ ամուսին, կին, երեխաներ։ Ամուսինը զինվորական է, այդ օրը հերթապահ է եղել։ Պայթյունի ձայները լսելուց անմիջապես հետո ընտանիքի անդամները շտապել են փրկվել․ նույնիսկ մեքենան մնացել է տեղում՝ հայկական դրոշն էլ՝ մեջը։

Սոթքում գտնվող այս բնակարանի մեջ միանգամից մի քանի հրթիռ է ընկել, և երջանիկ պատահականությամբ զոհեր չեն եղել։ Բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր վերականգնել այս տունը․ պատերն ամբողջությամբ քանդված են։

Միջազգային մեր գործընկերների սոսկ դատապարտումները քիչ են․ կոնկրետ պատժամիջոցներ պետք է սահմանվեն Ադրբեջանի և Ի․ Ալիևի նկատմամբ՝ ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը ոտնահարելու համար»։