Զոհվել է Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ, լեյտենատ Էրիկ Գեղամյանը

Սրտի խորը ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվել է Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքագիտություն» ուղղության շրջանավարտ, ՀՌՀ Ուսանողական խորհրդի ակտիվ անդամ, Կապանի զորամասի 2-րդ գումարտակի դիպուկահարների դասակի հրամանատար, լեյտենատ Էրիկ Գեղամյանը, հայտնում են ՀՌՀ-ից։

Հայ-Ռուսական համալսարանը ցավակցում է հերոսի ընտանիքին, նրա ընկերներին և հարազատներին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ 
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհերի ճշգրտված թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։

Նախօրեին թշնամին հայկական կողմին է հանձնել 32 զինծառայողի մարմին։