Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ սեպտեմբերի 19–ին, ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։

Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ներկայացրել է  ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհերի ճշգրտված թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։

Մինչ այժմ պաշտպանության նախարարությունը զոհվածների անունները չի հրապարակել։