36-ամյա պայմանագրային Արմեն Միքայելյանը զոհվել է Ջերմուկի պաշտպանության ժամանակ. նա երեք երեխա ունի

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկի ուղղությամբ զոհվել է պայմանագրային զինծառայող 36-ամյա Արմեն Միքայելյանը։

Արմեն Միքայելյանն ապրում էր Խաչփար գյուղում։ NEWS.am-ին Խաչփարի նախկին գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը պատմեց, որ Արմեն Միքայելյանը ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա՝ երկու տղա, մեկ աղջիկ։

Արմեն Միքայելյանի ծառայությունն անցնում էր Ջերմուկում, 3-րդ տարին էր բանակում։

«Մինչև կռվի սկսելը զանգել է, խոսել է ընտանիքի հետ, ասել է, որ ամեն ինչ նորմալ է։ Զենքն ավտոմեքենայից հանելիս ԱԹՍ-ի հարվածից զոհվել է»,- պատմեց նախկին գյուղապետը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհերի ճշգրտված թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։