Բլինքենը Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։

«Քարտուղար Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունների դադարեցումը։ Նա նախագահ Ալիևին կոչ է պահպանել հրադադարի ռեժիմը, դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել՝ խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այս օրերին Երևան է այցելում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
 
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհերի ճշգրտված թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։