Փելոսին հանդիպել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ. քննարկվել են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու և ռազմագերիների հարցերը

Հայաստան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդիպում է ունեցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Նենսի Փելոսիի հետ խոսել են Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի մասին:

«Շատ հստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ անընդունելի ենք համարում ամերիկյան պետության աջակցությունն Ադրբեջանին։ Խոսքը ռազմաքաղաքական աջակցության մասին է»,֊ասաց Սաղաթելյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ քննարկվել է նաև ռազմագերիների հարցը։