Շատ էին հպարտանում նրանով. 19-ամյա Սասուն Մարգարյանը Շղարշիկ գյուղից էր, ձմռանը զորացրվելու էր. News.am

News.am-ը գրում է. Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Սասուն Մարգարյանը Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղից էր, 1 տարի 7 ամսվա զինծառայող:

«Սասունը խելոք, համեստ, շնորհքով, նպատակներով լեցուն երեխա էր, իր ընտանիքի պարծանքը, շատ էին հպարտանում  նրանով: 1 տարի 7 ամսվա զինծառայող էր, լավ էր ծառայում, պատվոգրեր էր ստացել: Հայրը շատ հարգված մարդ է գյուղում, իրենք անասնապահությամբ են զբաղվում, իրենից փոքր եղբայր ունի։ Շատ էին սպասում, շատ էին հպարտանում Սասունով, շատ ցավալի բան ստացվեց»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սասունի համագյուղացին:

Սեպտեմբերի 13-ի առավոտյան Սասունը զանգել է տուն, ասել է` ամեն ինչ նորմալ է, չանհանգստանան, զանգելուց մի քանի ժամ անց զոհվել է:

«Հայրն էլ մեկնել է որդու հետեւից, բայց արդեն որդին զոհված է եղել, չի կարողացել տեսնել: Սասունին հուղարկավորել են գյուղի գերեզմանատանը 2 օր առաջ»,- ասաց նա: