Ռաիսին Էրդողանին ասել է, որ մերժում է տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մերժում է միջազգայնորեն ճանաչված, պատմական և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխություն տարածաշրջանում՝ որպես Իրանի համար անընդունելի, հայտնում է Mehr-ը։

Ռաիսին Սամարղանդում (Ուզբեկստան) Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի զարգացումները, այդ թվում՝ Սիրիան, Աֆղանստանը և վերջին զարգացումները Կովկասում։

Երկու նախագահները քննարկել են նաև Էրդողանի՝ Թեհրան կատարած վերջին այցի և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության 7-րդ բարձրագույն խորհրդի անցկացման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ վերահաստատելով այդ պայմանավորվածությունների իրագործումն արագացնելու անհրաժեշտությունը։

«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագիրը պետք է իրենք որոշեն, իսկ նրանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն»,- ընդգծել է Ռաիսին։

Որպես օրինակ նշելով Իրանի աջակցությունն ընկերներին և հարևաններին ճգնաժամերի ժամանակ՝ նախագահը պարզաբանել է, որ Իրանն իր հարևանների բարեկամն է։

Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են նաև Թուրքիայի նախագահի՝ Թեհրան կատարած վերջին այցի և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության 7-րդ բարձրագույն խորհրդի անցկացման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և ևս մեկ անգամ ընդգծել է այդ պայմանավորվածությունների կատարման արագացման անհրաժեշտությունը, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Իրանը հայտարարում է Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության անընդունելիության մասին։
Ավելի վաղ Իրանի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարել էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն ապակայունացնող և անընդունելի գործողություն է։