Հայաստանն Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հիմքով դիմել է Արդարադատության միջազգային դատարան
Հայաստանը Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:
«Դիմումն արդեն ուղարկել ենք, բովանդակությունը կհրապարկենք երկուշաբթի օրը: Արդարադատության միջազգային դատարան դիմելու հիմքը Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելն է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։
Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ «Ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։