ՀՀ-ում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը ցնցված է Ադրբեջանի հարձակման հետևանքով Ջերմուկում ավերածությունների պատկերից

Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան, այս պահին Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը ցնցված է Ադրբեջանի հարձակման հետևանքով Ջերմուկում ավերածությունների պատկերից: Այս մասին հայտնել էՀայաստանում Գերմանիայի դեսպանատունը «Ֆեյսբուք»-ի էջում: Հրապարակման մեջ նշվում է, որ Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը մեկն էր այն մոտ 50 դիվանագետներից, որոնք հրավիրված էին այդ քաղաքում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին։

«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու բնակելի շենքերից ու զբոսաշրջիկներով լի հյուրանոցներից։ Գերմանուհի զբոսաշրջիկն իր հյուրանոցի սենյակից կարողացել է լուսանկարել պայթյունները, այնքան մոտիկ են նրանք եղել դրանց։ Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին»,- Ջերմուկ կատարած այցից իր տպավորություններն է հայտնել դիվանագետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ջերմուկ քաղաքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը դիվանագետներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներն ու տեղեկություններ հայտնել օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: