Արցախի ժողովուրդը չի ների կուլիսային պայմանավորվածությունները Արցախի ճակատագրի վերաբերյալ (տեսանյութ)

Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ակցիաները։ Արցախի Հանրայինի անդրադարձը․

«Երրորդ օրն է, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հանրահավաք է. ՀՀ ազգային ժողովում օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ վերցրել է պատասխանատվություն՝ հանուն խաղաղության գնալ ծանր որոշումների, բողոքի ալիք է բարձրացրել Արցախում: Մի քանի օր է արդեն, բայց հանրության շրջանում մտահոգությունը չի թուլանում, հարցերը չեն պակասում: Հայտարարություններին ու հավաստիացումներին, որ Արցախի կարգավիճակի հարցով ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում, թերահավատորեն են վերբերվում: Հայաստանյան գործընկերների հետ հանդիպումից հետո ժողովուրդն Արցախի պաշտոնյաներից ակնկալում է հրապարակային ու պարզ պատասխաններ՝ Արցախի ապագայի վերաբերյալ: Ասում են՝ եթե կան արտաքին ճնշումներ, ապա ժողովուրդը պատրաստակամ է իշխանության հետ միասին պայքարել այդ ճնշումների դեմ. բայց չեն ների կուլիսային պայմանավորվածությունները Արցախի ճակատագրի վերաբերյալ»:

Լուսանկարները՝ օգտատեր Հռիփսիմե Արշակյանի էջից