Դուք ընկաք, բայց ձեր գնդակից էլ սատկեցին ասկյարներ

«Ջերմուկի համար մղվող մարտերի ժամանակ հերոսաբար ընկան «ԱՏԱՆ» Ռազմահայրենասիրական կազմակերպության ջոկատային Սամսոն Կոստանդյանը և դիպուկահար Անուշ Ապետյանը: Այս մասին գրել է ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը։  «Իմ մարտական ընկերներ հավատարիմ մնալով ձեր երդմանը, կռվեցիք միջև վերջ, դուք ընկաք, բայց ձեր գնդակից էլ սատկեցին ասկյարներ, փառք ձեզ, ձեր վրեժը մեր սրտերում պահելով, կապրենք հանուն ձեր չապրածի, ննջեք խաղաղությամբ:

36-ամյա Անուշ Աբետյանը երեք անչափահաս երեխա ուներ՝ 16 տարեկան դուստր և 15 ու 4 տարեկան որդիներ։ Անուշը ծնունդով Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքի Մրգաշատ գյուղից էր։ Ութ ամիս առաջ Անուշը որոշել էր անցել պայմանագրային զինծառայության, իսկ մինչ այդ զբաղվել էր հողագործությամբ։  

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ 
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհերի ճշգրտված թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։

Մինչ այժմ պաշտպանության նախարարությունը զոհվածների անունները չի հրապարակել։