Զինված բախումներ ղրղզ-տաջիկական սահմանին

Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականների միջև զինված բախումներ են տեղի ունենում երկու երկրների սահմանի ողջ երկայնքով։ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության մամուլի կենտրոնում։

«Առավոտյան ժամը 08:25-ի դրությամբ (Երևանի ժամանակով 6:25), պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տաջիկական կողմը սկսել է հրետակոծել Կուլունդու, Մաքսաթ և Ժանի- շրջանները: Զինված բախումները շարունակվում են Ղրղզստան-Տաջիկստան պետական սահմանի ողջ պարագծով»,- ասել է խոսնակը։

Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտնել է, որ ղրղզ սահմանապահները, խախտելով պայմանավորվածությունը, գրոհել են «Դուշանբե» սահմանապահ դիրքը։

«Դրան զուգահեռ, Ղրղզստանի զինծառայողները, օգտագործելով ծանր զինատեսակներ և ականանետեր, զինված հարձակում են իրականացրել Իսֆարա քաղաքի մի շարք բնակավայրերի վրա»,- հավելել են կոմիտեից։

Իսկ ավելի ուշ Ղրղզստանը հայտնել է, որ Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով չորս ղրղզ զինծառայող է վիրավորվել։

Չորեքշաբթի առավոտյան Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել է Բուլակ-Բաշի շրջանում ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև փոխհրաձգության մասին։ Ծառայության տվյալներով՝ փոխհրաձգությունը սկսվել է այն պատճառով, որ Տաջիկստանի սահմանապահ ջոկատը մարտական դիրքեր է գրավել սահմանային հատվածում։ Հետո մեկ այլ փոխհրաձգություն է սկսվել երկու երկրների զինվորականների միջև՝ արդեն Կակ-Սայի շրջանում:

Ավելի ուշ սկսվել է երրորդը` Սամարղանդեկ գյուղի տարածքում: Չորեքշաբթի երեկոյան կողմերին հաջողվել է պայմանավորվել հրադադարի և սահմանից ուժերի դուրսբերման շուրջ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ղրղզստանում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են երկու սահմանապահներ և երեք խաղաղ բնակիչներ, մինչդեռ Տաջիկստանը հայտնում է երկու զոհի, վեց զինվորականների և հինգ քաղաքացիական անձանց վիրավորման մասին։