ՄԱԿ-ում առանձին երկրի դեպքում ունեինք ավելի ակնկալիքներ, որոնք որոշ դեպքերում ոչ այնքան արդարացան. ԱԳ նախարար

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացնելով ՄԱԿ ԱԽ նիստի մանրամասները, նշեց, որ սա երկրորդ քննարկումն էր. «Երկու օր առաջ տեղի է ունեցել ևս մեկ քննարկում փակ ռեժիմում: Երկրորդը մեր պնդմամբ տեղի է ունեցել բաց ռեժիմում, որպեսզի ողջ աշխարհի մարդկությունը կարողանա հետևել ՄԱԿ-ի ԱԽ մշտական և ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումներին: Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց սա որևէ կերպ չպետք է նսեմացնի քննարկման կարևորությունը, որովհետև այնուամենայնիվ, ըստ էության, միջազգային հանրությունը նույնիսկ առանց փաստաթղթի շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ:

Ես հիմա կթվարկեմ դրանք. երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, բազմիցս օգտագործվել է ագրեսիա տերմինը: Այսինքն շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր: Ավելին ասեմ, բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են նաև ԼՂ հակամարտության  հիմնախնդրի մասին: Ըստ էության, չափազանցրած չեմ լինի, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել, թե ԼՂ հիմնախնդիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից: Սա միջազգային հանրության դիրքավորումն է, և մենք պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ»,-ասաց նա:

ԱԳ նախարարը գնահատանքի խոսքեր ասաց այն երկրների հասցեին, որոնք համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև. «Բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների և երկրի դեպքում ունեինք ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում ոչ այնքան արդարացան: Ավելին թույլ տվեք չմանրամասնել»: