Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վնասվել է 192 տուն, 2 շտապօգնության ավտոմեքենա, գյուղտեխնիկա

Հայաստանի երեք մարզերում (Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք) Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում վնասվել է 192 տուն, որից 60-ն ամբողջությամբ ավերվել է։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նա հավելեց, որ վնասվել են նաև գյուղատնտեսական նշանակության շինություններ, ավտոմեքենաներ, գյուղտեխնիկա, շտապօգնության 2 ավտոմեքենա։

«Եղել են հոսանքազրկումներ։ Այս պահին էլեկտրամատակարարումը, բացառությամբ Վերին Շորժայի տարածքի, վերականգնված է»,- նշեց պաշտոնյան։

Տերտերյանը հայտարարեց աշխատանքային խմբերի ձևավորման պլանների մասին, որոնք տեղում ավելի մանրակրկիտ աշխատանք կկատարեն հասցված վնասի գույքագրման ուղղությամբ։