Արցախի ժողովրդի փոխարեն ոչ ոք իրավունք չունի միանձնյա որևէ փաստաթուղթ ստորագրել․ Ստեփանակերտում կրկին հանրահավաք է տեղի ունեցել

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վերսկսվել է նախօրեին մեկնարկած ինքնաբուխ հանրահավաքը:

 «Արցախպրես»ի թղթակցի հաղորդմամբ՝ հանրահավաքին մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ՝ այդ թվում՝ բուհերի դասախոսներ, ուսանողներ, դպրոցականներ և ուսուցիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ: Ելույթ ունեցողներն իրենց մտավախությունն են բարձրաձայնել սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության և Արցախի ճակատագրի վերաբերյալ:

Հանրահավաքին ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ով հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ Արցախի ժողովրդի փոխարեն ոչ ոք իրավունք չունի միանձնյա որևէ փաստաթուղթ ստորագրել՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, որը դեմ է Արցախի շահերին:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Հանրապետության նախագահի նախօրեին արած հայտարարությունը՝ վերահաստատելով, որ անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Հանրահավաքում ելույթ ունեցողները պահանջել են երաշխիքներ՝ Ադրբեջանի կազմում Արցախի չհայտնվելու վերաբերյալ, ինչպես նաև հարգել Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքն ու հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության անկախության ուղեգծին:

Հայտարարվել է, որ հանրահավաքը շարունակվելու է նաև այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին:

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն այսօր՝ սեպտեմբերի 15–ին, հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները: