Ի՞նչ է ասում Սահմանադրությունը վարչապետին անվստահություն հայտնելու մասին

Ընդդիմությունը հայտարարում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկի մասին։

Ի՞նչ է ասում Սահմանադրությունը վարչապետին անվստահություն հայտնելու մասին.

Հոդված 113. Հարցապնդումները
1. Ազգային ժողովի խմբակցություններն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք: Կառավարության անդամները հարցապնդմանը պատասխանում են այն ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում:

2. Հարցապնդումների պատասխանները ներկայացվում են Ազգային ժողովի նիստում: Խմբակցության առաջարկությամբ հարցապնդման պատասխանը քննարկվում է: Եթե քննարկման արդյունքով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից ներկայացվում է վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ, ապա կիրառվում են Սահմանադրության 115-րդ հոդվածի դրույթները: Հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին քննարկել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը:

Հոդված 115. Վարչապետին անվստահություն հայտնելը
1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:

3. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

4. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

Հոդված 149. Վարչապետի ընտրությունը և նշանակումը
1. Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

2. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

4. Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:

5. Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Նշենք, որ 8-րդ գումարման խորհրդարանն ունի 107 պատգամավոր, որից 71-ը ՔՊ-ական են, 29-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 6-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, 1-ը՝ որևէ խմբակցությունում ընդգրկված չէ։