Պաշտոնապես սկսել ենք իմպիչմենտի գործընթացը․ կարճ ժամանակում կլինի հայտարարություն նոր վարչապետի թեկնածուի մասին. Գեղամ Մանուկյան

Վարչապետի իմպիչմենտի նախաձեռնությունը ենթադրում է այդ պաշտոնին նոր թեկնածուի առաջադրում։ Դա անպայման լինելու է։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ դա տեղի կունենա, երբ լինեն բավական պայմաններ իմպիչմենտ սկսելու համար, երբ կառավարող մեծամասնության պատգամավորները նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնեն։

Մանուկյանը չի բացառել, որ կառավարող կուսակցության պատգամավորները կարող են միանալ իմպիչմենտին։

«Մենք պաշտոնապես սկսել ենք իմպիչմենտի գործընթացը, հիմա աշխատանքներ են կատարվում։ Սպասում ենք, որ կառավարող կուսակցության էլի 18 պատգամավոր կմիանա նախաձեռնությանը։ Ես իմ կյանքում շատ ուժեղ խմբակցություններ եմ տեսել, որոնք մեկ գիշերում դադարել են գոյություն ունենալ։

Կարճ ժամանակում կլինի հայտարարություն ընդդիմությունից վարչապետի թեկնածուի մասին»,- նշել է պատգամավորը։