Հայաստանում նույնիսկ ամենալավատեսների շրջանում այլևս որևէ պատրանք չկա, որ թշնամին չի բավարարվելու ոչ մի զիջումով

Այսօր շատ կարևոր են միջազգային դերակատարների դիրքորոշումները և գործողությունները, սակայն, ըստ իս, կա դրանից ավելի կարևոր մի հանգամանք, որը մեր խնդիրն է։

Կարծում եմ՝ Հայաստանում նույնիսկ ամենալավատեսների շրջանում այլևս որևէ պատրանք չկա, որ թշնամին չի բավարարվելու ոչ մի, այսպես կոչված, զիջումով, քանզի նրա ուզածը փաստացիորեն հենց ամբողջ Հայաստանի այս կամ այն կերպ զիջումն է, և մեր հրաժարումը մեր իսկ Հայրենիքում կենսունակ պետականություն ունենալու հազարամյակների մեր արդար և աստվածահաճո երազանքից։

Եթե մենք սա արձանագրում ենք այլևս որպես փաստ, իսկ այսքանից հետո նման արձանագրում չանելն առնվազն տխմարություն է, ապա Հայաստանը և հայությունը պետք է արագորեն և որակյալ կերպով սկսեն գործել, պատկերավոր ասած, պետություն-ամրոց կերտելու տրամաբանությամբ, որի վերնախավերը և հասարակության անխտիր բոլոր հատվածները պետք է գիտակցեն և ապրեն այդ ամրոցի խստագույնս կազմակերպված «կայազոր» դառնալու մտայնությամբ։

Դրան պետք է ծառայեն պետական և մասնավոր բոլոր կառուցակարգերն ու կառույցները, կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաները, բժշկությունը, կրոնը, արվեստը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, բիզնեսը՝ անխտիր ամեն ինչ և ամեն ոք։

Այդ ամրոցի կենսունակությունը, զարգացումը և ընդլայնումը, այդ ամրոցի նկատմամբ որևէ թշնամական հավակնություն ունեցողի, եթե ոչ լիակատար ջախջախումը, գոնե անվերադառնալիորեն թուլացումը պետք է դառնա մեր՝ որպես պետության և ազգի, հիմնական տեսլականը, մտածումը, վարքագիծը, ոգին և բարոյականությունը։

Սա է միակ ճանապարհը, որ մեզ թույլ կտա ոչ միայն պահպանելու և առաջ մղելու դեռևս Արտաշես Ա-ի կողմից բյուրեղացած Հայաստանի պետականության ծրագիրը և արժանի լինելու մեր նախնյաց փառքին, այլև նաև հավերժորեն հանգիստ ննջելու՝ առանց մեր գալիք սերունդների նզովքի բաժին դառնալու։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից