ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ ՍՎ-ը չի մեկնաբանում Ադրբեջանի կողմից սահմանապահների տեղակայման կետի գնդակոծման մասին լուրը

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը չի մեկնաբանում Ադրբեջանի կողմից սահմանապահների տեղակայման կետի գնդակոծման մասին լուրը։

Infoteka 24-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Գեղարքունիքի մարզի տարածքում գտնվող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը։

«Մեր հավաստի տեղեկություններով՝ գնդակոծության հետևանքով վնասվել է ռուս սահմանապահների տեղակայման շենքն ու զինտեխնիկան»,-հայտնել է պարբերականը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍներ: