Ղրղզստանի նախագահ Սադիր Ջափարովը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջափարովը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Այս մասին  «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունում։

Հաղորդվում է, որ նախօրեին երկրի ղեկավարը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին տեսակոնֆերանսի ձևով, որը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, որը նվիրված էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Պետության ղեկավարը նշել է, որ Ղրղզստանը չափազանց անհանգստացած է երկու բարեկամ պետությունների սահմանին իրավիճակի սրմամբ։ Նախագահ Սադիր Ջափարովն ընդգծել է իրավիճակը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ երկու կողմերը կշարունակեն զերծ մնալ ուժի կիրառումից և միմյանց միջև բոլոր տարաձայնությունները կլուծեն խաղաղ ճանապարհով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցների հիման վրա»,- նշել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍներ: