Փարիզն ազդանշաններ է ուղարկում, որ պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղի հարցով. ՌԴ ԱԳՆ

Փարիզն ազդանշաններ է ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ղարաբաղյան կարգավորման շուրջ շփումները վերսկսելու պատրաստակամության մասին, մինչդեռ երաշխիքներ չկան, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն կրկին չեն արգելափակի այս հարթակի աշխատանքը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը կաթվածահար եղավ այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այս տարվա փետրվարի 24-ին առանց նախնական ծանուցման և խորհրդակցությունների «սառեցրին» փոխգործակցությունն իրենց ռուս գործընկերոջ հետ։ Եռյակի աշխատանքի հիմնական սկզբունքի՝ կոնսենսուսի կանոնի այդպիսի կոպիտ խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեսնամյա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցավ։ Որոշ ժամանակ անց Փարիզից անուղղակի ազդակներ սկսեցին գալ համանախագահների միջոցով շփումները վերսկսելու պատրաստակամության մասին, կարծես ոչինչ էլ չէր եղել»,- ասել է ռուս դիվանագետը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը դեռ հստակ բացատրություն չի ստացել հարթակի գործունեությունն արգելափակելու պատճառների մասին։

«Չկան երաշխիքներ, որ նման ավերիչ գործողությունները հերթական անհասկանալի պատրվակով ապագայում չեն կրկնվի», – հավելել է Գոնչարը:

Նա նաև հիշեցրել է, որ միջնորդը հաջողության հասնելու հնարավորություն ունի, եթե այս կամ այն վեճի բոլոր կողմերը հետաքրքրված են նրա ծառայություններով: Բայց այդպիսի կոնսենսուս չի եղել, հավելել է Գոնչարը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները չպետք է կախված լինեն արևմտյան խաղացողների քմահաճույքից։ Մենք համատեղ աշխատանքի հսկայական դաշտ ունենք Բաքվի և Երևանի մեր առաջնորդների հետ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ»,- կարծիք է հայտնել Գոնչարը։