Ադրբեջանը չի կանգնելու, մինչև չկանգնեցվի

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանը՝ Թուրքիայի համակողմանի աջակցությամբ օգտվում և օգտվելու է փոփոխվող աշխարհակարգի իրողությունից և իր հերթին փորձելու է առավելագույնս լուծել սեփական խնդիրները՝ առանց նվազագույն զիջումների հակառակորդների և գործընկերների հետ բոլոր տեսակի սակարկություններում։ Այս հանգամանքը պետք է ընդունել ի գիտություն և շարժվել դրան համապատասխան։

Բաքվի հավակնոտ ծրագրերը կանգնեցնելու երկու իրական մեխնիզմ կա, որոնց խորացող ճաքերն ուղղակիորեն նպաստում են թուրք-ադրբեջանական գործելաոճի խորացմանը.

  1. Հայաստանի շարունակաբար ջլատվող ինքնապաշտպանական ներուժը,
  2. Նախկին ազդեցությունն անընդհատ կորցնող միջազգային իրավական և տարածաշրջանային զսպող ռազմաքաղաքական մեխանիզմները։

Նման իրողությունների պայմաններում ալիևյան հավակնոտ թշնամական վարչակարգը հայկական կողմերից և միջազգային գործընկերներից փորձելու է ստանալ առավելագույնը, որքան հնարավոր է։ Ասել է թե՝ չի կանգնելու, մինչև երկաթե բռունցքով  չկանգնենցնենք/նեն։ Մինչդեռ, ավաղ, շարունակվող և դեռ տևական աշխարհաքաղաքական վերափոխումների համատեքստում նման «բռունցնքերի» համաձևման հնարավորությունն առայժմ չի նշմարվում…»