ՀՀ ՊՆ-ը կրկին զգուշացնում է

Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։
Եվս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում ենք ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում հայտնված քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍներ:

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր, ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրված մարտական խնդիրները։
Փաստացի՝ չնայած ստեղծված իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրադրության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։