Հայկական կողմը մեկ նույնականացված ռազմագերի ունի. Եղիշե Կիրակոսյան

Սեպտեմբերի 12-13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կատարված ագրեսիվ ռազմական հարձակման հետևանքով հայկական կողմից կա մեկ գերեվարված անձ։ Տեղեկությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է միջազգային իրավական կառույցներում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ադրբեջանական կայքերում այսօր տեսանյութ էր տարածվել, որտեղ ադրբեջանցի զինվորականներն իբր օգնություն են ցույց տալիս վիրավոր հայ զինծառայողին։

«Մեր գրասենյակի ուժերով մենք կարողացել ենք նույնականացնել, որ, ցավոք, ունենք մեկ գերեվարված անձ։ Ունենք տեսանյութեր, որոնք շրջանառում են համացանցում, և այնտեղ երևում է մեր վիրավորված հայրենակիցը, որը գերեվարված է և փաստորեն Ադրբեջանի վերահսկողության ներքո է»,– ասել է Կիրակոսյանը։

Նա նաև հայտնել է, որ հայ ռազմագերու իրավունքների պաշտպանության համար Հայաստանն արդեն դիմում է ներկայացրել ՄԻԵԴ` պահանջելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց` պահանջելով ապահովել հայ զինծառայողի իրավունքներն ու նրա ֆիզիկական անձեռնմխելիությունը մինչ նրա հայրենադարձվելը։