Գեղարքունիքի մարզում կա շուրջ 80 վիրավոր, այժմ հարաբերական անդորր է

Հայ–ադրբեջանական շփման գծի` Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Մոտավորապես արդեն մեկ ու կես ժամ է, որ կրակոցներ չկան»,– ասաց Սարգսյանը։

Գեղարքունիքի մարզպետը նաև հայտնեց, որ մարզի սահմանամերձ հատվածում Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության հետևանքով այրվում է խոտածածկույթը։

«Ներկա պահին ամբողջությամբ խոտածակույթն է այրվում։ Ծխի մեջ կորած է»,– ասաց նա։

Մարզպետը նաև հայտնեց, որ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։

«Ունենք, որ համայնքի վարչական շենքն են ռմբակոծել, ունենք, որ բնակելի տուն է այրվել»,– ասաց մարզպետը։

Կարեն Սարգսյանը հայտնեց, որ մարզի սահմանամերձ գյուղերի բնակչությունը շարունակում է մնալ գյուղերում, որոշ բնակավայրերից տարհանել են միայն երեխաներին։