Այժմ անատամ հայտարարությունների ժամանակը չէ՝ զսպվածության կոչ անելու «երկու կողմերին». Մարինա Կալյուրանդ

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարություն է տարածել Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից փոխանցեցին հայտարարության տեքստը, որում ասվում է. «Խստորեն դատապարտում եմ երեկ գիշեր Ադրբեջանի  կողմից նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքի բազում թիրախների վրա։  Արձանագրվել է ինտենսիվ հրետակոծություն և ԱԹՍ հարձակումներ, որոնք թիրախավորել են հայկական Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք մարզերը և պատճառ դարձել անհայտ թվով զոհերի։

Այս նոր ագրեսիան շարունակությունն է Բաքվի՝ մարտին և օգոստոսին Լեռնային Ղարաբաղի շփման գծի հրադադարի լուրջ խախտումների։ Բաքուն օգտվել է համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակից՝ ստեղծված Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ։

Ես դիմում եմ միջազգային հանրությանը, և, մասնավորապես, Եվրոպական միությանը՝ արձագանքել այս անթույլատրելի ուժի կիրառմանը պարզորոշ պատասխանով։ Այժմ անատամ  հայտարարությունների ժամանակը չէ՝ զսպվածության կոչ անելու «երկու կողմերին»։ Դեռ երկու շաբաթ առաջ Ադրբեջանը և Հայաստանը Բրյուսելում համաձայնեցին սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը մեկ ամսվա ընթացքում։ Ես հորդորում եմ Բաքվին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը և վերադառնալ բանակցային սեղան՝ առանց հապաղելու»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍներ: