Դատախազությունն ամփոփել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման վեց տարիները (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինն ամփոփել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման վեց տարին։

Սեպտեմբերի 15-ին ավարտվում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, այդ պաշտոնում նշանակվել է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։

Արթուր Դավթյանը գլխավոր դատախազ է ընտրվել 2016–ի սեպտեմբերի 15–ին, փակ գաղտնի քվեարկությամբ։

Դատախազության հրապարակած տեսանյութում ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2017–ին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները կազմել են 92,5 տոկոս, 2021–ին այն նվազել է՝ կազմելով՝ 77,0 տոկոս։

Նշվում է, որ Դավթյանի պաշտոնավարման տարիներին բարելավվել է ՄԻԵԿ 6–րդ հոդվածով երաշխավորված հակընդդեմ հարցման իրավունքը․ դատախազներին տրվել է կոնկրետ հանձնարարական՝ ապահովել անձի հակընդդեմ հարցման իրավունքը։

Վիճակագրություն է ներկայացվել նաև նախաքննական մարմիններին դատախազների կողմից տրված գրավոր ցուցումների վերաբերյալ․ 2016–ին՝ 1945 ցուցում, 2021–ին՝ 5200 ցուցում, 2022–ի առաջին կիսամյակում՝ 3619 ցուցում։

Օպերատիվ հետախուզական մարմիններին դատախազների կողմից տրված հանձնարարականները գրեթե կրկնապատկվել են։

2017–ին Արթուր Դավթյանի հրամանով՝ կոռուպցիային վերաբերելի միջազգային իրավական դրույթներին համապատասխան սահմանվել են քրեական օրենքով սահմանված արարաքները կոռուպցիոն հանցագործություններ համարելու չափանիշները, և դրանց  հիման վրա առանձնացվել  կոռուպցիոն հանցագործությունների նոր ցանկը, որը հետագայում սահմանվել է ՀՀ քրեական օրենքգրքում։

Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2017–2021թթ․ հայտնաբերել է պետությանը պատճառված 137 մլրդ դրամի վնաս՝ 2009–2016 թթ 31.9 մլրդ դրամի համեմատ։ 2017–2021թթ ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 7 մլրդ դրամի վնաս՝  նախորդող տարիների համեմատ մոտ 4.3 անգամ ավելի։