Մենք մշտապես սպասում ենք, որ Ադրբեջանի կողմից որևէ սադրանք կարող է լինել. Ալեն Սիմոնյան

«Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին։ Մենք գտնում ենք, որ առաջնային պետք է լուծենք անվտանգության հարցերը, իսկ դա լուծում են հարևանների հետ խաղաղություն հաստատելով և ուժեղ բանակ ունենալով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իմ կարծիքն այն է, որ հզոր ու արհեստավարժ բանակ ունենալու համար մենք պետք է բանակը դնենք արհեստավարժ հիմքերի վրա։ Այսօր շատ մարդիկ տարբեր ձևակերպումներով ազատվել են բանակից, կարծում եմ՝ այդ գումարը մեզ թույլ կտա ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ: Նման ձևով մեկ զինվորի «ազատվելը» հնարավորություն կտա երկու արհեստավարժ զինվորական կարողանալ ունենալ, և ինքն ավելի մարտունակ կլինի»,- նշեց Սիմոնյանը:

Ապա անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին և սահմանային լարվածություններին՝ ասաց. «Մենք մինչ օրս բոլոր հիմնական հարցերի առումով կարողացել ենք մեր դիրքորոշումը պահպանել: Մեզ համար կան կարմիր գծեր, դրանք հայտնի են Ադրբեջանին, նաև մեր հանրությանը: Մենք մնալու ենք այդ տրամաբանության մեջ և աշխատել»:

«Մեր ընկալումն է՝ ուշի ուշով հետևել, ամեն րոպե պատրաստ լինել ցանկացած զարգացման: Թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, թե մենք մտածում ենք, թե բոլոր հարցերը լուծված են: Մենք մշտապես սպասում ենք, որ Ադրբեջանի կողմից որևէ սադրանք կարող է լինել»:

Այդուհանդերձ, ըստ նրա, բանակցություններն Ադրբեջանի հետ շարունակվում են, որևէ փակուղի չկա, հիմնական հարցերի վերաբերյալ ընկալումները հասկանալի են: «Ադրբեջանը բոլոր հնարավոր տեղերում փորձելու է ճնշումներ բանեցնել, մենք էլ բոլոր հնարավոր տեղերում այդ ճնշումները կանխել ենք, կանխելու ենք և Հայաստանի ու Արցախի շահերն առաջ ենք տանելու»: