ԱՆ-ն առաջարկում է լիցենզավորել բուժաշխատողներին

Առողջապահության նախարարությունն առաջարկում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ։ Օրինագիծն արդեն շրջանառության մեջ է. այն հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախարարությունում կարծում են, որ դա հիմք կհանդիսանա լիցենզավորված բուժաշխատողների  կողմից ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար:

Ներկայում բուժաշխատողները անհատական լիցենզիա չեն ստանում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիա ստանում են բժշկական հաստատությունները:

Նախարարությունում ուսումնասիրել են միջազգային փորձն ու տեսել, որ Եվրոպական մի շարք երկրներ, ԱՄՆ-ն, Կանադան ունեն ներդրված բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգեր։

Առաջարկվում է անհատական լիցենզիան տալ ավագ բուժաշխատողներին, որի հիման վրա վերջիններս ինքնուրույն մասնագիտական գործունեություն են իրականացնում, իսկ անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում) ուսումնառող անձանց:

Ընդ որում, վերջինս տրամադրվում է բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու վերաբերյալ ավարտական փաստաթղթի (պետական նմուշի դիպլոմի) հիման վրա: Անցումային անհատական լիցենզիայի ներդրման արդյունքում կլինիկական օրդինատորը հնարավորություն է ստանում բժշկի հսկողության ներքո որոշակի ծավալի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնել և բժշկական հաստատությունում գրանցվել որպես աշխատող և վարձատրվել դրա համար, ինչը ներկա պահին հնարավոր չէ անել:

Նախագծով հստակ սահմանված են լիցենզիաների դադարեցման և կասեցման հիմքերը, իսկ վերջիններիս տրամադրման կարգի, վերջիններիս ներկայացվող պայմանների ու պահանջների, գործողության դադարեցման և կասեցման կարգի, ինչպես նաև դրանց ձևեը և լիցենզավորման կենտրոնացված քննության կարգը սահմանում վերապահված է Կառավարությունը:

Նախագծով սահմանվում է, որ հետբուհական կրթության ավարտից հետո կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները) հանձնում են կենտրոնացված մասնագիտական քննություն, որի հիման վրա անցումային անհատական լիցենզիան փոխարինվում է անհատական լիցենզիայով:

Լիցենզիան պահպանելու համար զուգահեռ բուժաշխատողը պետք է անցնի հավաստագրում, ինչը, այլ պայմանների հետ հաշվի առնելով, բուժաշխատողի լիցենզիան գործողության մեջ մնալու պայման կհանդիսանա:

Անհատական լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով, և յուրաքանչյուր հնգամյա փուլում երկարաձգման հնարավորությամբ:

Նախագծում նշվում է՝ անհատական լիցենզիայի համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը, բացառել մասնագետի կախվածությունը բուժհաստատությունից, հնարավորություն ընձեռնել պացիենտին իրացնելու բժշկին ինքնուրույն ընտրելու իր իրավունքը, բժշկի կողմից թույլ տրված սխալի դեպքում սահմանափակել վերջինիս գործունեությունը` լիցենզիայից զրկելու միջոցով, իսկ կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին) իրավունք կտրվի բժշկի հսկողության ներքո որոշակի ծավալի բժշկական օգնություն և սպասարկում մատուցել` դրա դիմաց վարձատրվելով:

«Ավելին, անհատական լիցենզավորման համակարգի ներդնումով կհաստատի առողջապահության ոլորտի մասնագետների գիտելիքների և հմտությունների համապատասխանությունը մասնագիտական և կրթական չափորոշիչներին (որակավորում, հավաստագրում, շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորում շրջափուլում) և հնարավորություն կտա համակարգն ապահովել որակյալ կադրերով»,-ասված է նախագծում։