Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել G20-ում Պուտինի և Բայդենի շփման հնարավորությունը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը կտրուկ հրաժարվել է պատասխանել Մեծ քսանյակի առաջնորդների առաջիկա հանդիպման շրջանակում ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի շփումների հնարավորության մասին հարցին։

Ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռին հարցրել են, թե Բայդենը պատրա՞ստ է հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, եթե երկու երկրների ղեկավարները ներկա գտնվեն G20-ի գագաթնաժողովին և ունենան նման հնարավորություն, նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այդ ամենը հիպոթետիկ ենթադրություն է… Լսեք, մենք դեռ շատ հեռու ենք դրանից»,- ծիծաղելով պատասխանել է Սպիտակ տան խոսնակը։

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում՝ նոյեմբերի 15-16-ը։ Կմեկնի՞ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դեռ հայտնի չէ։