Ռուսաստանի դեմ Ուկրաինայում և Ուկրաինայի միջոցով կռվում են ԱՄՆ-ը և ողջ Արևմուտքը, անկախ ՌԴ-ի գոյությունը նրանց համար անհանդուրժելի է

Արևմուտքից լիովին անկախանալու ճանապարհ բռնած և այդ նպատակին արդեն գրեթե հասած Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը և նրա գլխավորած հավաքական Արևմուտքը շարունակում են մղել միջնորդավորված (պրոքսի) և հիբրիդային պատերազմներ` նպատակ ունենալով հյուծել ու նաև ներքին դժգոհությունների միջոցով կործանել Ռուսաստանը, կամ առնվազն տապալել Պուտինի վարչակարգը և վերջ տալ անկախ Ռուսաստանի գոյությանը:

Գրավված ուկրաինական զենքի և ռազմական տեխնիկայի ցուցահանդես, այդ թվում՝ բազմաթիվ նմուշներ, որոնք մատակարարվել են արևմտյան երկրների կողմից: Այս ցուցահանդեսը, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, ազատագրված Լիսիչանսկում հունիսին կազմակերպել է Լուգանսկի Ժողովրդական Միլիցիան:

Ցուցահանդեսին ներկայացվել են զինտեխնիկայի տասնյակ միավորներ՝ տանկեր, հետևակի մարտական ​​մեքենաներ, զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, խորհրդային և ուկրաինական արտադրության զենիթահրթիռային համակարգեր։

Ցուցահանդեսի զգալի մասը կազմված է եղել արևմտյան երկրների կողմից ուկրաինական զինված կազմավորումներին տրված հրետանային և հրթիռային զենքի նմուշներից։ Դրանց թվում են «Javelin» և NLAW հակատանկային հրթիռային համակարգերը, բրիտանական զրահատեխնիկան, չեխական արտադրության գնդացիրները, 60 մմ-անոց «լուռ» ականները թեթև ականանետների համար, ինչպես նաև 155 մմ հաուբիցային արկեր։

Հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում Պենտագոնը բացահայտել է, թե ինչ է ներառված Կիևին 400 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթում: Բացի չորս HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից ու դրանց զինամթերքից, օգնության տվյալ փաթեթը ներառում է նաև հազար հատ 155 մմ հրետանային արկ, երեք մարտավարական տրանսպորտային միջոց, պայթեցման (քանդման) լիցքեր, Ռուսաստանի և Դոնբասի հանրապետությունների հրետանու և ՀԿՌՀ-երի դեմ պայքարելու համար նախատեսված հակամարտկոցային համակարգեր և ռազմական տեխնիկայի պահեստամասեր։

Պենտագոնի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ Վաշինգտոնը նոր սպառազինությունների մատակարարման ծրագրեր է մշակել «առաջիկա ամիսների և տարիների համար»։ Բացի այդ, նրա խոսքով, տվյալ պահին քննարկվում է Կիև առափնյա պաշտպանության համակարգեր (նախատեսված ռազմանավերի հայտնաբերման ու խոցման համար.- Ա. Հ.) ուղարկելու հնարավորությունը։

Ավելի վաղ Life.ru-ն գրել էր, որ Բրիտանիան 1 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնության համար։ Լոնդոնը մտադիր է Կիև տեղափոխել անօդաչու թռչող սարքեր և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Հունիսի 8-ին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգեն Կորնիյչուկը հայտարարել է, որ Կիևը ցանկանում է այդ երկրից գնել հակահրթիռային պաշտպանության համակարգեր։

«Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հնարավոր փոխանցման հարցը Ուկրաինային բարձրացվել է դեռևս ռուսական ռազմական գործողության մեկնարկից առաջ, 2021 թվականի աշնանը։ Այնուհետեւ «Politico» թերթը գրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ առաջարկել են Կիևին մատակարարել հակահրթիռային պաշտպանության երկու մարտավարական համակարգ։ ՌԴ ԱԳՆ-ն այս զեկույցները համարել է Կիևի «ռազմական նախապատրաստության» ցուցիչ։

Ս. թ. փետրվարին հաղորդվում էր, որ ԱՄՆ-ը դեռևս Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ փորձել է իր բանակում առկա «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգերից մատակարարել Ուկրաինային:

Համեմատաբար վերջերս «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացրեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ հանդիպման ժամանակ նրան խնդրել է մեծացնել ռազմական օգնությունն Ուկրաինային:

ՌԴ արտգործնախարարությունը քննադատել է Ուկրաինային զենք մատակարարելու համար Եվրամիության ֆինանսական օգնության (500 մլն եվրո) նոր տրանշը: ՌԴ ԱԳՆ կայքը հրապարակել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքը.

«Ուկրաինացիներին զենք և ռազմական տեխնիկա մատակարարելով, ԵՄ-ն շարունակում է ներդրումներ կատարել հետագա ռազմական գործողություններում։ Եվ, դրա հետ մեկտեղ, կեղծավորաբար հրապարակավ հայտարարում է, որ իբր մեկնել է Ռուսաստանին «խաղաղության ձիթենու ճյուղը»։ Մարտի դաշտում հաղթանակի հասնելու ցանկացած փորձ ուղիղ ճանապարհ է դեպի անդունդ ինչպես Կիևի, այնպես էլ Բրյուսելի համար»:

Զախարովան ընդգծել է նաև, որ զենքի մատակարարման համար գումարի հատկացումը վկայում է Ուկրաինայում քաղաքական կարգավորմանը նպաստելու ԵՄ-ի ցանկության իսպառ բացակայության մասին։

«Մեկ տարուց մի փոքր ավելի իր գոյության ընթացքում «Խաղաղության եվրոպական հիմնադրամը», որը, հաշվի առնելով նրա օգտագործումը զենքի մատակարարման համար, պատշաճ կլինի անվանել «պատերազմի հիմնադրամ», Ուկրաինային զինելու համար արդեն ծախսել է 2,5 միլիարդ եվրո` իր բյուջեի գրեթե կեսը, հաշվարկված մինչև 2027 թվականը,- նշել է Զախարովան։- Այնպես որ, ուկրաինական զինված ուժերի և ազգայնական գումարտակների կատարած ռազմական հանցագործությունների, խաղաղ բնակիչների, կանանց, ծերերի և երեխաների սպանությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների, ներառյալ` կամուրջների, ավերման համար հովանավորները ԵՄ-ից պետք է կրեն նույն պատասխանատվությունը, ինչ Կիևի վարչակարգը»:‰

Զախարովայի հայտարարությունից մի քանի օր առաջ ԵՄ-ն վերջնական որոշում էր կայացրել «Խաղաղության եվրոպական հիմնադրամից» Ուկրաինային զենք մատակարարելու համար 500 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ` որպես 5- րդ մասնաբաժին ավելի վաղ հայտարարված ռազմական օգնության: Այսպիսով 2022թ. մարտից մինչև օգոստոս ԵՄ-ն, TASS-ի տեղեկացմամբ, արդեն 2,5 մլրդ եվրո է հատկացրել Կիևին ռազմական օգնության համար։ Այդ գումարն օգտագործվում է որպես փոխհատուցում ԵՄ երկրներին, որոնք իրենց զենքն են մատակարարում Ուկրաինային՝ լինի այն հին, շահագործումից հանված տեխնիկա, թե ժամանակակից ռազմական տեխնիկայի նոր պատվերներ։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս մատնանշել է, որ Արևմուտքը, անզոր զայրույթով կամ իրավիճակը հնարավորինս վատթարացնելու ցանկությամբ, ավելի ու ավելի շատ հեռահար զենքեր է մղում Ուկրաինա:

Ռուսաստանն ավելի վաղ նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ինչպես արդեն նշել ենք, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար կդառնա օրինական թիրախ։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»` զենք մատակարարելով Ուկրաինային։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան