Եթե Ջալալ Հարությունյանին դատում են, դրանից առաջ պետք է դատեն Փաշինյանին որպես այդ որոշումը հաստատած անձ. Մովսես Հակոբյան․ News.am

Այո, պատերազմի արդյունքը կարող էր այլ լինել, դա միանշանակ է, և նման արդյունքի պատճառը սխալ կառավարումն էր: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատերազմը իր տպավորությամբ կարող էր նաև այլ ելք ունենար:

Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե երբեմն այնպես է ստացվել, որ տպավորություն է, թե հրամանները այլ տեղից են եկել, այլ կենտրոններից, Մովսես Հակոբյանն ասաց. «Դա բացառվում է, և ես պատրաստ եմ ցանկացած զինվորականի համար պատասխանատվություն կրել: Մեկ այլ հարց է, որ այնտեղից, որտեղից պետք է ղեկավարվեր, չի ղեկավարվել, կամ ղեկավարվել է վատ»:

Անդրադառնալով նրան, որ բարձրաստիճան զինվորականների, գեներալների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել և Փաշինյանը զարմանք է  հայտնել, թե ինչու են հիմա որոշ շրջանակներ պաշտպանում այն զինվորականներին, որոնք պատասխանատու են եղել այդ օրերին, Մովսես Հակոբյանը նկատեց. «Նախ անդրադառնամ Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին մասին, որը վերաբերում է հարավային ուղղության  օպերացիայի կազմակերպմանը: Նիկոլ Փաշինյանը որպես  գլխավոր հրամանատար, անձամբ ներկա է գտնվել այդ որոշման կայացման ժամանակ և ինքը դրան անդրադարձել է, որ ինքը մոդերատոր է եղել: Մոդերատոր լինելը գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնով նախատեսված չէ, այդ պաշտոնով նախատեսված է ղեկավարել, և այդ որոշումը հաստատել է ինքը: Եթե Ջալալ Հարությունյանին դատում են, դրանից առաջ պետք է դատեն իրեն որպես այդ որոշումը հաստատած անձ:

Երկրորդը, հրամանատարներին իրավունք չունեն դատելու որոշման արդյունքներով, որովհետև ոչ մի հրամանատարի կայացրած որոշում, անկախ նրանից, թե ինչ ռանգի է, դեռևս չի նշանակում 100 տոկոսով իրագործում, որովհետև գործ ունենք հակառակորդի հետ: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ քո պլանավորած միջոցառումը 100 տոկոսով այնպես չի իրականանալու, ինչպես դու պլանավորել ես:  Դրա հմար պատերազմը անընդհատ ղեկավարում են, ոչ թե որոշում եմ կայացնում ու մի կողմ քաշվում: Իմ ասածը վերաբերում է նրան, որ հրամանատարների որոշումը քննարկման ենթակա չէ, և դա օրենքի պահանջն է, իմ ցանկությունը չէ»:

Հարցին, թե արդյոք սրանով վարչապետը չի փորձում քաղաքական իշխանությունից պատասխանատվությունը տեղափոխել զինվորականների վրա, նա արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ինչ են ուզում անել, բայց այն, ինչ անում են, կոպիտ սխալ են թույլ տալիս, հատկապես ապագայի համար: Այսօր մեր լավագույն երկու գեներալների դատում են, քրեական գործ է հարուցված: Ո՞վ է մեղադրանք առաջադրել, քննիչը, որը զինվորական գործից ընդհանրապես  գաղափար չունի և չպետք է ունենա: Հրամանատարներին իրավունք ունեն դատել, եթե նրանք խախտել են օրենքը: Իսկ որոշում կայացնելը օրենքի խախտում չէ՝ անկախ նրանից, թե այդ որոշման արդյունքներն ինչպիսին են:

Պատերազմի արդյունքները պետք է ոչ թե քննել, այլ վերլուծել հետագայի համար: Քննում են հանցագործությունները: Պատերազմը հանցագործություն է ընդհանրապես, և այդտեղ դու չես կարող մեղավոր գտնել կամ արդարացնել; Այդ բոլոր գործերը ժամանակին բոլորն արդարացվելու են: Ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բոլոր երկրների օրենքն է այդպիսին: Եթե դու միտումնավոր հանցագործություն չես կատարել և քո կայացրած որոշումը լավ արդյունքներ չի տվել, դրա համար քեզ իրավունք չունեն դատելու: Դրա համար պետք է նախօրոք մշակել, երբ պաշտոնների նշանակում են մարդկանց, պետք է իմանան այդ մարդկանց ունակությունները և ինչպիսի որոշումներ կարող են նրանք կայացնել: Բացի այդ, եթե հրամանատարը կայացնում է որոշում, կա վերադաս, որը դա հաստատում է, և կայացրած որոշման պատասխանատուն ոչ թե որոշում կայացնողն է, այլ վերադասը, որը հաստատել է»: