Վահան Քերոբյանը ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսության ոլորտում համագործակցության հարցեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեբերի 7-ին հանդիպել են Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։

Էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ, հանդիպման սկզբում ներկաները քննարկել են տնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։

Վերջերս ԱԶԲ-ն գործարկել է իր Գիտելիքի և նորարարության կենտրոնը, որը նույնպես համագործակցության հարթակ կարող է դառնալ։

Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական նոր ռազմավարությունը հիմնված է գիտելիքի վրա, իսկ ԱԶԲ-ի ծրագրերում գիտելիքն ու նորարարությունն արդեն ներդրված են։ Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի այն կարիքները, որոնց աջակցություն է անհրաժեշտ։

ԱԶԲ-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև կայուն զարգացման ծրագրերով, մասնավորապես արևային կայանների և այլ նորարարական նախագծերով։

Զրույցի ընթացքում նախարարը հավելել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ ոչ միայն տեխնոլոգիա օգտագործող, այլև ստեղծող երկիր։