ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ֆիլիպ Ռիքերին ուղեկցել են ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: