Մենք ՀՀ տարածքով Ադրբեջանին միջանցք չենք տալու, բայց ճանապարհ տալու ենք. Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կառավարության ղեկավարին դիմավորել են Տեր Սարգիս Քահանա Փարախչյանը և Վլադիվոստոկի հայ համայնքի ղեկավար Հարություն Ավեդյանը: Վարչապետը նախ կատարել է մոմավառություն, այնուհետև ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի և Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքարերի մոտ:

Այնուհետև վարչապետը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վլադիվոստոկ կատարած աշխատանքային այցին, ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավորություններին:

Վարչապետն ի պատասխան ներկաների հարցերի` խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության, մեր երկրում բիզնեսի համար ստեղծվող պայմանների, կառավարության առաջնահերթությունների, բանակի և այլ թեմաների շուրջ:

«Ճանապարհի բացումը Սյունիքի մարզի և Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում, ընդհակառակը՝ ճանապարհի բացումը կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքներ»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սպառնալիքների մասին հարցին։

«Այլ բան է, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, նախաձեռնություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ։ Օրինակ՝ խոսվում է միջանցքի մասին, ուզում եմ հստակ լինի․ մենք ՀՀ-ի տարածքով որևէ միջանց որևէ մեկին չենք տալու, ուզում եմ բոլորս հստակ արձանագրենք, բայց ճանապարհ տալու ենք և պատրաստ ենք տալ ցանկացած պահի»,- շարունակեց նա։

Փաշինյանը նշեց, որ այս մասով առաջարկներ են փոխանցվել Ադրբեջանին։