Թուրքիան փորձում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը․ Հունաստանի արտգործնախարար

Անկարա-Աթենք հարաբերություններում առկա լարվածությունը խորանում է։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» սպառնալիքին, գրում է «Էրմենիհաբերը»։

«Մենք մերժում ենք այս նեոօսմանյան բռնակալությունը», – հայտարարել է Դենդիասը՝ Անկարայից հետո Աթենք մեկնած Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Շեշտելով, որ Թուրքիան ցանկանում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը՝ Հունաստանի արտգործնախարարը միանգամայն անընդունելի է համարել Թուրքիայի դրսևորած վարքագիծը, մասնավորապես Էրդողանի հնչեցրած արտահայտությունը։

«Բաց մենք չենք վախենում։ Մեր պատմության ընթացքում շատ ավելի լուրջ սպառնալիքների ենք բախվել։ Մենք մերժում ենք նեոօսմանյան բռնակալությունը»։

Դենդիասը դատապարտելի է համարել, որ թուրք պաշտոնատար անձինք ամեն օր անվայել հայտարարություններ են անում Հունաստանի, հույն ժողովրդի և հունական իշխանությունների հասցեին։ Քարտեզներ են շրջանառության մեջ դնում, որտեղ հունական կղզիները ներկայացվում են իբրև թուրքական:

Նիկոս Դենդիասը, հիշեցնելով ֆրանսիացի գործընկերոջ այն խոսքերը, թե Ֆրանսիան կկանգնի Հունաստանի կողքին, երբ վերջինիս ինքնիշխանությունը հարձակման ենթարկվի, ընդգծել է, որ միայն այս տարի Հունաստանի օդային տարածքը թուրքերի կողմից խախտվել է 6100 անգամ։