ԵՊՀ-ն հրատարակել է թալիշերենի առաջին ակադեմիական դասագիրքը
Դե ինչ, ինչպես և խոստացել էինք, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի ջանքերով լույս ընծայվեց նվաստիս և իմ աշակերտ Հակօբ Ավչյանի հեղինակած «Թալիշերենի դասագիրքը», որը նախատեսված է Ադրբեջանի տարածքում խոսվող իրանական լեզուներից մեկը՝ թալիշերենը, սովորելու և ուսումնասիրելու համար։
Ակադեմիական այս հրատարակությունն առաջինն է իր տեսակի մեջ, քանի որ աշխարհում մինչ այս գոյություն չուներ թալիշերենի որևէ բուհական դասագիրք, և այս առումով հայերս, ինչպես իրանագիտության մի քանի այլ ոլորտներում, առաջամարտիկ ենք և առաջատար։
Թալիշ ժողովրդի պատմության մեջ այլևս արձանագրված է, որ թալիշերենի առաջին ակադեմիական դասագիրքը հեղինակվել է հայ իրանագետների կողմից և հրատարակվել՝ Հայաստանի մայր բուհ Երևանի պետական համալսարանում։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից