Արգամ Աբրահամյանը երեկ ներկայացել է դատախազություն

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներից ապօրինի գույքի բռնագանձման գործով դատախազություն է ներկայացել միայն որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Արտաշատի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը երեկ է ներկայացել ու դատախազությունից ստացել է գործով նյութերը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում Աբրահամյանն ու փոխկապակցված անձինք հրավիրվել են պարզաբանումներ տալու և դիրքորոշում հայտնելու։

Դատախազություն է հրավիրվել Աբրահամյանի հետ փոխկապակցված 13 անձ, որոնց թվում են կինը, դուստրը, որդին, հարսը՝ Էմմա Ծառուկյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրն է, Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Աբրահամյանի թիկնազորի պետ Բագրատունի Բարսեղյանը, վարորդ Գրիգոր Գևորգյանը։