Պատժամիջոցներից վախենալն այդքան էլ օգտակար դիրքորոշում չէ. Փաշինյան

Պատժամիջոցներից վախենալն այդքան էլ օգտակար դիրքորոշում չէ։ Այս մասին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նա չի վախենում Արևմուտքի կողմից երկրորդական պատժամիջոցների տարածումից Ռուսաստանի հետ շփումների ակտիվացման պատճառով։

Փաշինյանի խոսքով՝ ինքն անհրաժեշտ է համարում հնարավոր սպառնալիքները կառավարելու ուղիներ գտնել. «Մեզ մտահոգում են պարենային և էներգետիկ անվտանգության հարցերը։ Մեր երկրում ևս բարձր գնաճ է, որն ազդում է սոցիալական վիճակի վրա։ Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է։ Խնդիր կա, սակայն չկա ճգնաժամային իրավիճակ։ Սակայն ուզում եմ ընդգծել, որ դա Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ է»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տարեսկզբին մտահոգություններ կային մի շարք հարցերի շուրջ ոչ միայն ԵԱՏՄ-ի, այլև երկկողմ ձևաչափով։ Նա նշեց, որ տպավորված է այն օպերատիվությունից, թե ինչպես է Վլադիմիր Պուտինն արձագանքել հայկական կողմի խնդրանքներին, ինչը շատ կարևոր է հայ-ռուսական գործընկերության համատեքստում։