Վահան Քերոբյանն ու IFAD-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը քննարկել են հողերի միավորման գործընթացը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ընդունել են Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նաուֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, պետական աջակցության մեխանիզմներն ու նախատեսվող բարեփոխումները, որոնք ուղղված են արտադրողականության ու գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Առանձին անդրադարձ է կատարվել հողերի միավորման (կոնսոլիդացիայի) գործընթացին, ոռոգման համակարգերի արդիականացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, նոր ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի թվայնացմանը։