Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Քետրին Քոլոննան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում երկու նախարարների երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին Չավուշօղլուն նշել է, որ «Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո մշտական ​​խաղաղության և կայունության հնարավորություն է ի հայտ եկել»։ Նա ընդգծել է այնպիսի գործընթացներին աջակցելու անհրաժեշտությունը, ինչպիսիք են Անկարայի ու Երևանի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները։

Քոլոննան նշել է, որ Փարիզը ողջունում է «դրական աշխատանքը» Հարավային Կովկասում։ «Տարածաշրջանում շատ հաճելի և դրական միջավայր է ստեղծվում։ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունը կարգավորվում և ընդլայնվում է»,- թուրքական գործակալությունը մեջբերում է ֆրանսիացի նախարարի խոսքերը։

Նշելով, որ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ Փարիզի և Անկարայի դիրքորոշումները համընկնում են, նա ասել է, որ կողմերը շարունակում են աշխատել այդ հարցերի շուրջ։ «Մենք աշխատում ենք՝ այն հարցերի թիվն ավելացնելու համար, որոնց շուրջ համակարծիք ենք»: